Ապրել այնպես, որ չափսոսանք չարածի համար, նաև չամաչենք արածի համար

 

Մեր կյանքի տարիներն անցնում են: Երբեմն մենք հետադարձ հայացք ենք գցում մեր անցած կյանքին: Եվ կրթված լինելով Տիրոջ Խոսքով, քննում ենք մեզ, արդյո՞ք հավատքի մեջ ենք, արդյո՞ք ապրում ենք Տիրոջ Խոսքի համեմատ, թե… Մեր կա՞մքն ենք կատարում, թե՞ Տիրոջ… Ի՞նչ գանձեր ենք դիզում, որտե՞ղ և ինչու՞…

Արդյո՞ք մեկին լավություն չարեցինք, ակնկալիքով, որ ինքն էլ մի օր կփոխհատուցի մեզ: Նույնիսկ երբեմն էլ պայմաններ ստեղծեցինք, որ ում 1 լումայի օգուտ ենք տվել, 2 լումայի ծառայի մեզ: Մի՞ թե սա Տիրոջ արդարությունն է…

Հիշենք իրավիճակներ, երբ ինչ որ բան ենք արել մեկի համար, հաստատ իմանալով, որ փոխհատուցում չի լինելու… Երբ տվել ենք ոչ թե ավելցուկից, այլ մեր ձեռքից եկածը ուժով ենք արել, ինչպես ասում էր Ժողովողը… Ինչ ուրախություն ենք ապրել այս դեպքում: Այս զգացողությունը երբեք չենք համեմատի այն ապրումին, երբ մտածել ենք. ՙՏանք, որ մեզ էլ տան՚:

ՙՏվեք ու կտրվի՚ սա Տիրոջ խոստումն է, բայց երբ մենք առաջնորդվում ենք այս խոսքով, մի փոքր փոխած. ՙՏանք, որպեսզի տրվի՚, համոզված եմ, որ Տիրոջը սա դուր չի գալիս: Երբ տալիս ենք աջ ձեռքով, արդյո՞ք ձախը չենք բացում ավելիով ստանալու… Բայց Տերն ասեց, որ երբ աջով տաս, ձախը թող չիմանա…

ՙԶգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք, նրանցից տեսնվելու համար, եթե ոչ վարձք չունեք ձեր Հորիցը, որ երկնքումն է: Արդ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առաջին, ինչպես կեղծավորներն են անում ժողովարանների մեջ և փողոցների մեջ, որ փառավորվեն մարդկանցից, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքը առած են: Որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ:՚ Սրանք Տեր Հիսուսի Խոսքերն են, որոնք ամեն անգամ մեզ զգաստացնում են:           Սակայն միշտ էլ մեծ է գայթակղությունը մարդկանցից փառք ակնկալելու: Քեզնից շնորհակալություն հայտնեցի՞ն, քեզ մեծարեցի՞ն, գովեցի՞ն, այսքան արածիդ դեմ, ի՞նչ տվեցին քեզ, այսքան անում ես, վաղը ի՞նչ են անելու քո համար… Կարծում եմ այս մտքերն ու հարցերը յուրաքանչյուրիս են այցելում, և մենք որպես հոգևոր մարդիկ, ի՞նչ ենք պատասխանում սրանց: Արդյո՞ք մենք, որ Քրիստոսինն ենք, մեր մարմինը խաչը հանում ենք փառավորվելու ցանկությունով միասին, թե սնում ու մեծացնում ենք մեր անձերի մեծարման ցանկությունը…

Ինչքանո՞վ ենք ամեն բան կառուցում մեր եսի շուրջ, ամեն բան փորձում հարմարեցնել մեզ… Տալը մեզ համար, վերցնելը` նույնպես, բարիքը մեզնից,  բարին` մեզանով, ամեն բան դեպ մեզ…

Երբեմն մոռանում ենք, որ մարդու մեջ բնավ բարի բան չկա, և ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերից է` լուսո Հորից… Եվ ամեն բան Նրանով է, ամեն բարիք Նրանից է, և փառքը դեպի Նա պիտի լինի… Այսպես պիտի լուսավորի մեր լույսը մարդկանց առաջին, որ տեսնեն մեր բարի գործերը և փառավորեն ոչ թե մեզ, այլ Հորը, որ Երկնքումն է:

Մեր կյանքում ամեն բանի նպատակը պիտի լինի Աստծուն փառավորելը: ԹԵ ուտենք, թե խմենք, ինչ գործ էլ որ անենք, ամեն բան Աստծո փառքի համար անենք: Այս դեպքում կարծում եմ մեր հարաբերությունները մարդկանց հետ ճիշտ հարթության վրա կլինեն: Մեզ պես  մարմին ունեցողից մեզ չենք ծածկի, դիմացինին մեր անձից բարձր կհամարենք: Եվ վերջապես կսիրենք մարդկանց, այնպիսին ինչպիսին, որ կան: Կսիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությունով:

Գրված է, որ  Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդին տվեց… Գրված չէ խղճաց, կամ ողորմեց, դրա համար տվեց, այլ սիրեց ու տվեց… Նա ոչ թե մեզ նվաստացնելով, ցածրացնելով տվեց, /թեպետ մենք արժանի էինք դրան/, այլ բարձրացրեց մեզ` ասելով որ սիրեցի, դրա համար տվեցի Իմ Միածնին: Եվ եթե մենք էլ տանք սիրելով, Տիրոջ շնորհքով, դիմացինը իրեն կզգա ոչ թե նսեմացած, այլ գնահատված:

Եվ ինչ վարձք կունենանք, եթե միայն մեզ սիրողներին սիրենք, կամ միայն մեզ տվողներին տանք, չէ՞ որ դա հեթանոսներն էլ են անում: Նույնիսկ մեզ ատողներին էլ բարիք պիտի անենք, ու մեզ հալածողի ու չարչարողի համար պիտի աղոթենք: Ու կհիշվի մեր սիրո աշխատությունը, որովհետև առանց սիրո ամեն բան ոչինչ է: Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով էլ խոսենք, եթե բազում հրաշքներ անենք, մեր ողջ ունեցվածքը բաժանենք մարդկանց,  բայց սեր չունենանք, մենք ոչինչ ենք, և ոչինչ օգուտ չենք ունենա:

Մենք Աստծո գործակիցներն ենք, ուրեմն ամեն բան Նրա հետ գործակցելով պիտի անենք, Նրա Հոգուց առաջնորդված  և Նրա Խոսքով լուսավորված… Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի մաս ու բաժին ունենա Նրա գործին… Տերը դրա համար ամեն պայման, հնարավորություն ստեղծել է, տվել է առատորեն, որ մենք էլ կարողանանք տալ:

Մեզ մնում է միայն հոժարություն ունենալ սիրելու և ներելու, նվիրելու և նվիրվելու, զոհաբերելու և զոհաբերվելու, ներդնելու և ներդրվելու: Ոչ թե նայելու մեր Եսին, մեր տկարություններին, մեր չունեցածին, մեր խնիրներին, այլ նայելու Հիսուս Քրիստոսին` մեր հավատքի առաջնորդին ու կատարողին:

Միայն Նրա հետ ապրելով է, որ մենք չենք ափսոսա չարածի համար, նաև չենք ամաչի արածի համար:

Մարալ Ոսկերչյան

Ինչո՞ւ են այս բաները մեզ հետ կատարվում. Արարատ Պողոսյան

AraratPoghosyan«Եվ Տիրոջ Խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին ասելով. Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ. որովհետև նրանց չարությունը վեր է եկել իմ առաջին: Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչե, և իջավ Հոպպե և մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձքը տվավ ու նրա մեջն իջավ, ուր նրանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսից» (Հովնան 1.1-3):  

Հովնան մարգարեն Աստծուց ստացավ հստակ հանձնարարական` վեր կենալ, գնալ Նինվե մեծ քաղաքը և քարոզել այնտեղ: Բայց մարգարեն խուսանավեց՝ փախչելով ուրիշ ուղղությամբ: Այս պատմությունը շատ արդիական է: Այսօր, Հովնանի պես Քրիստոսի եկեղեցին էլ ստացել է նույնատիպ մի հանձնարարական՝ «Ուրեմն գնացե՛ք բոլոր ազգերը աշակերտեցե՛ք, նրանց` մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով…» (Մատթ.28.19): Հարց է առաջանում, թե որքանո՞վ են այսօր քրիստոնյաները հնազանդվում այդ հանձնարարականին, և որքանո՞վ են նրանք կրում Ավետարանի բեռը:

Հովնանը փախչելով նավ նստեց և ուղևորվեց դեպի Թարսիս: Ճանապարհին Տերը մի մեծ քամի բարձրացրեց ծովի վրա: Փոթորիկն այնքան ահեղ էր, որ նավը քիչ էր մնում փշրվեր: Ողջ անձնակազմը սարսափի մեջ էր, նրանք ծովն էին նետում նավի բեռները, որ այն թեթևանար: Երկինքն ու երկիրը կարծես խառնված լիներ, ժողովուրդը մեծ խուճապի մեջ էր: Լսվում էին հուսահատության ճիչեր: Ամեն մարդ աղաղակում էր իր Աստծուն, իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել և խորը քնել էր:

Ինչքան նման է այս պատմությունը մեր օրերին. ճգնաժամ, կոռուպցիա, անգործություն: Հակակարկտային կայաններն անգամ անզոր եղան պաշտպանելու բերքը ոչնչացումից: Կառավարությունն անզոր էր դիմակայելու բնության տարերքին: Քաղաքացիներն էլ իրենց ընդվզումով չեն կարողանում դիմակայել բանկային տարերքներին: Ամենուր հուսահատություն, վախ վաղվա օրվա նկատմամբ:

Ի լրումն այս ամենի՝ մեծ անջրպետ է առաջացել պետության և ժողովրդի միջև: Մարդիկ փախչում են Հայաստանից դեպի անորոշություն: Մի խոսքով, այսօր «Հայաստան» կոչված նավը մեծ փոթորկի մեջ է: Իսկ ինչո՞վ է զբաղված Եկեղեցին: Գուցե Հովնանի պես իջել է նավի խորքը և քնե՞լ:

Մինչ Հովնանն անուշ քնած էր, ժողովուրդը փորձում էր հասկանալ. «Ինչո՞ւ են այս բաները մեզ հետ կատարվում…»: Նավապետը, Հովնանի մոտ իջնելով, ասաց. «Ի՞նչ ես մրափել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված հիշի մեզ, և մենք չկորչենք»:

Ես հավատում եմ, որ Հայաստանի Եկեղեցու համար մի օր կհնչի այս կոչը.  «Ի՞նչ ես մրափել, վե՛ր կաց և աղաղակի՛ր քո Աստծուն»: Պատկերացնում եք Հովնանին՝ տախտակամածին կանգնած: Գուցե բոլորի պես ապշած նայում էր փոթորկին, միաբանվելով ժողովրդին՝ մեղադրում էր նավապետին, նավավարներին: Ինչպես այսօր, շատ քրիստոնյաներ մեղադրում են թագավորին, իշխանավորներին, վերջում էլ հռչակում աֆորիզմ դարձած այս խոսքերը. «Երկիրը երկիր չէ»:

Մի՛ շտապիր մեղադրել ուրիշներին, գուցե առաջինը քե՞զ մեղադրես, գուցե երկիրը լավ էլ երկիր է, ուղղակի նրա համար աղոթողներ չկան: «Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է Իմ Անունը, խոնարհվեն և աղոթք անեն և Իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. 7.14):

Որպեսզի գտնեին, թե ում պատճառով է այդ փոթորիկը, վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին: Ահա, թե ում պատճառով էր փոթորիկը:

Եթե Հայաստանում ամեն մի քրիստոնյա ցանի անտարբերության և անհոգության փոքր քամի, արդյունքում կհնձենք մեծ փոթորիկ: Ժողովուրդը հարցրեց Հովնանին՝ ի՞նչ անենք, որ լավ լինի:

Հովնանն էլ ասաց, որ իրեն նետեն ծովը, քանի որ հասկացավ, որ փոթորիկը իր պատճառով էր բարձրացել:

Սիրելի՛ քրիստոնյա, այսօր պետք չէ՛ քավության նոխազ փնտրել, մեղադրել բոլորին: Ժամանակն է մեր աչքից գերանը հանելու, որպեսզի տեսնենք ճշմարտությունը: Եթե Եկեղեցին այսօր չարթնանա խոր քնից, կետը ծովում սպասում է, քանի որ հրաման ունի անհնազանդներին կուլ տալու:

Իսկ գիտեք այս պատմության մեջ ի՞նչն է հետաքրքիր. կետը կուլ տալիս չի հարցնում քո եկեղեցական պատկանելիությունը՝ կաթոլիկ ես, ուղղափառ, առաքելական, թե ավետարանական: Կարծում եմ՝ բոլորի համար էլ նրա փորում տեղ կա…

Արարատ Պողոսյան

Աբովյանի «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ

Գեղեցիկ սեռի հինգ սերունդ՝ նույն հարկի տակ

Աբովյանի «Փարոս» եկեղեցու անդամները կանանց տոների հետ կապված մի հետաքրքիր օրինակի ականատես եղան, որ կուզենայինք ներկայացնել նաև Ձեզ:

Հովիվ Արարատ Պողոսյանը բեմ կանչեց իր հարսին՝ Նարեին, այնուհետև բեմ բարձրացավ Նարեի սկեսուրը՝ Սուսաննան:

Իհարկե, հայկական ընտանիքներում բնական է հարսին և սկեսուրին տեսնել միասին՝ նույն հարկի տակ: Սակայն հովիվը բեմ կանչեց նաև Սուսաննայի սկեսուրին՝ իր մայրիկին:

Երեք սերունդ՝ նույն բեմի վրա… հետաքրքիր էր… Սակայն ներկաներն էլ ավելի զարմացան, երբ բեմ բարձացավ նաև Նարեի սկեսրոջ սկեսրոջ սկեսուրը՝ 93-ամյա տիկին Պայծառը: Կանանց գեղեցիկ ծաղկաբույլն էլ ավելի գեղեցկացրեց արդեն Նարեի աղջիկը՝ փոքրիկ Միլենան:

Սա արդեն յուրօրինակ էր. հինգ սերունդ՝ նույն հարկի տակ, հինգ սերունդ, որոնց, ինչպես հովիվը նշեց իր խոսքում, բացի բարեկամական կապը միաբանում է նաև Քրիստոսի սերը:

Այս գեղեցիկ օրինակով հովիվը շնորհավորեց ներկա քույրերին՝ մաղթելով հենց այսպիսի սերունդ, սեր ու ջերմություն, երկարակեցություն և աստվածային օրհնություններ:

Միանալով բոլոր օրհնություններին ու շնորհավորանքներին՝ մենք ևս ցանկանում ենք շնորհավորել մեր սիրելի քույրերին, մայրերին ու կանանց՝ մաղթելով նրանց օրհնություններ ու հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում և թե՛ ծառայությունների մեջ:

Իսկ հովիվ Արարատի ընտանիքի կանանց մաղթում ենք, որ Քրիստոսի սերն ու համերաշխությունը շարունակի թագավորել նրանց ընտանիքում, և իրենք էլ շարունակեն լինել լավ օրինակ յուրաքանչյուր երիտասարդ հայուհու համար:

Փաստորեն, կարելի է ջերմ ու սիրալիր հարաբերություններ ունենալ ոչ միայն սկեսրոջ, այլև սկեսրոջ սկեսրոջ ու սկեսրոջ սկեսրոջ սկեսրոջ հետ: