Ապրել այնպես, որ չափսոսանք չարածի համար, նաև չամաչենք արածի համար

 

Մեր կյանքի տարիներն անցնում են: Երբեմն մենք հետադարձ հայացք ենք գցում մեր անցած կյանքին: Եվ կրթված լինելով Տիրոջ Խոսքով, քննում ենք մեզ, արդյո՞ք հավատքի մեջ ենք, արդյո՞ք ապրում ենք Տիրոջ Խոսքի համեմատ, թե… Մեր կա՞մքն ենք կատարում, թե՞ Տիրոջ… Ի՞նչ գանձեր ենք դիզում, որտե՞ղ և ինչու՞…

Արդյո՞ք մեկին լավություն չարեցինք, ակնկալիքով, որ ինքն էլ մի օր կփոխհատուցի մեզ: Նույնիսկ երբեմն էլ պայմաններ ստեղծեցինք, որ ում 1 լումայի օգուտ ենք տվել, 2 լումայի ծառայի մեզ: Մի՞ թե սա Տիրոջ արդարությունն է…

Հիշենք իրավիճակներ, երբ ինչ որ բան ենք արել մեկի համար, հաստատ իմանալով, որ փոխհատուցում չի լինելու… Երբ տվել ենք ոչ թե ավելցուկից, այլ մեր ձեռքից եկածը ուժով ենք արել, ինչպես ասում էր Ժողովողը… Ինչ ուրախություն ենք ապրել այս դեպքում: Այս զգացողությունը երբեք չենք համեմատի այն ապրումին, երբ մտածել ենք. ՙՏանք, որ մեզ էլ տան՚:

ՙՏվեք ու կտրվի՚ սա Տիրոջ խոստումն է, բայց երբ մենք առաջնորդվում ենք այս խոսքով, մի փոքր փոխած. ՙՏանք, որպեսզի տրվի՚, համոզված եմ, որ Տիրոջը սա դուր չի գալիս: Երբ տալիս ենք աջ ձեռքով, արդյո՞ք ձախը չենք բացում ավելիով ստանալու… Բայց Տերն ասեց, որ երբ աջով տաս, ձախը թող չիմանա…

ՙԶգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք, նրանցից տեսնվելու համար, եթե ոչ վարձք չունեք ձեր Հորիցը, որ երկնքումն է: Արդ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առաջին, ինչպես կեղծավորներն են անում ժողովարանների մեջ և փողոցների մեջ, որ փառավորվեն մարդկանցից, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքը առած են: Որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ:՚ Սրանք Տեր Հիսուսի Խոսքերն են, որոնք ամեն անգամ մեզ զգաստացնում են:           Սակայն միշտ էլ մեծ է գայթակղությունը մարդկանցից փառք ակնկալելու: Քեզնից շնորհակալություն հայտնեցի՞ն, քեզ մեծարեցի՞ն, գովեցի՞ն, այսքան արածիդ դեմ, ի՞նչ տվեցին քեզ, այսքան անում ես, վաղը ի՞նչ են անելու քո համար… Կարծում եմ այս մտքերն ու հարցերը յուրաքանչյուրիս են այցելում, և մենք որպես հոգևոր մարդիկ, ի՞նչ ենք պատասխանում սրանց: Արդյո՞ք մենք, որ Քրիստոսինն ենք, մեր մարմինը խաչը հանում ենք փառավորվելու ցանկությունով միասին, թե սնում ու մեծացնում ենք մեր անձերի մեծարման ցանկությունը…

Ինչքանո՞վ ենք ամեն բան կառուցում մեր եսի շուրջ, ամեն բան փորձում հարմարեցնել մեզ… Տալը մեզ համար, վերցնելը` նույնպես, բարիքը մեզնից,  բարին` մեզանով, ամեն բան դեպ մեզ…

Երբեմն մոռանում ենք, որ մարդու մեջ բնավ բարի բան չկա, և ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերից է` լուսո Հորից… Եվ ամեն բան Նրանով է, ամեն բարիք Նրանից է, և փառքը դեպի Նա պիտի լինի… Այսպես պիտի լուսավորի մեր լույսը մարդկանց առաջին, որ տեսնեն մեր բարի գործերը և փառավորեն ոչ թե մեզ, այլ Հորը, որ Երկնքումն է:

Մեր կյանքում ամեն բանի նպատակը պիտի լինի Աստծուն փառավորելը: ԹԵ ուտենք, թե խմենք, ինչ գործ էլ որ անենք, ամեն բան Աստծո փառքի համար անենք: Այս դեպքում կարծում եմ մեր հարաբերությունները մարդկանց հետ ճիշտ հարթության վրա կլինեն: Մեզ պես  մարմին ունեցողից մեզ չենք ծածկի, դիմացինին մեր անձից բարձր կհամարենք: Եվ վերջապես կսիրենք մարդկանց, այնպիսին ինչպիսին, որ կան: Կսիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությունով:

Գրված է, որ  Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդին տվեց… Գրված չէ խղճաց, կամ ողորմեց, դրա համար տվեց, այլ սիրեց ու տվեց… Նա ոչ թե մեզ նվաստացնելով, ցածրացնելով տվեց, /թեպետ մենք արժանի էինք դրան/, այլ բարձրացրեց մեզ` ասելով որ սիրեցի, դրա համար տվեցի Իմ Միածնին: Եվ եթե մենք էլ տանք սիրելով, Տիրոջ շնորհքով, դիմացինը իրեն կզգա ոչ թե նսեմացած, այլ գնահատված:

Եվ ինչ վարձք կունենանք, եթե միայն մեզ սիրողներին սիրենք, կամ միայն մեզ տվողներին տանք, չէ՞ որ դա հեթանոսներն էլ են անում: Նույնիսկ մեզ ատողներին էլ բարիք պիտի անենք, ու մեզ հալածողի ու չարչարողի համար պիտի աղոթենք: Ու կհիշվի մեր սիրո աշխատությունը, որովհետև առանց սիրո ամեն բան ոչինչ է: Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով էլ խոսենք, եթե բազում հրաշքներ անենք, մեր ողջ ունեցվածքը բաժանենք մարդկանց,  բայց սեր չունենանք, մենք ոչինչ ենք, և ոչինչ օգուտ չենք ունենա:

Մենք Աստծո գործակիցներն ենք, ուրեմն ամեն բան Նրա հետ գործակցելով պիտի անենք, Նրա Հոգուց առաջնորդված  և Նրա Խոսքով լուսավորված… Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի մաս ու բաժին ունենա Նրա գործին… Տերը դրա համար ամեն պայման, հնարավորություն ստեղծել է, տվել է առատորեն, որ մենք էլ կարողանանք տալ:

Մեզ մնում է միայն հոժարություն ունենալ սիրելու և ներելու, նվիրելու և նվիրվելու, զոհաբերելու և զոհաբերվելու, ներդնելու և ներդրվելու: Ոչ թե նայելու մեր Եսին, մեր տկարություններին, մեր չունեցածին, մեր խնիրներին, այլ նայելու Հիսուս Քրիստոսին` մեր հավատքի առաջնորդին ու կատարողին:

Միայն Նրա հետ ապրելով է, որ մենք չենք ափսոսա չարածի համար, նաև չենք ամաչի արածի համար:

Մարալ Ոսկերչյան