Ինչո՞ւ են այս բաները մեզ հետ կատարվում. Արարատ Պողոսյան

AraratPoghosyan«Եվ Տիրոջ Խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին ասելով. Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ. որովհետև նրանց չարությունը վեր է եկել իմ առաջին: Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչե, և իջավ Հոպպե և մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձքը տվավ ու նրա մեջն իջավ, ուր նրանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսից» (Հովնան 1.1-3):  

Հովնան մարգարեն Աստծուց ստացավ հստակ հանձնարարական` վեր կենալ, գնալ Նինվե մեծ քաղաքը և քարոզել այնտեղ: Բայց մարգարեն խուսանավեց՝ փախչելով ուրիշ ուղղությամբ: Այս պատմությունը շատ արդիական է: Այսօր, Հովնանի պես Քրիստոսի եկեղեցին էլ ստացել է նույնատիպ մի հանձնարարական՝ «Ուրեմն գնացե՛ք բոլոր ազգերը աշակերտեցե՛ք, նրանց` մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով…» (Մատթ.28.19): Հարց է առաջանում, թե որքանո՞վ են այսօր քրիստոնյաները հնազանդվում այդ հանձնարարականին, և որքանո՞վ են նրանք կրում Ավետարանի բեռը:

Հովնանը փախչելով նավ նստեց և ուղևորվեց դեպի Թարսիս: Ճանապարհին Տերը մի մեծ քամի բարձրացրեց ծովի վրա: Փոթորիկն այնքան ահեղ էր, որ նավը քիչ էր մնում փշրվեր: Ողջ անձնակազմը սարսափի մեջ էր, նրանք ծովն էին նետում նավի բեռները, որ այն թեթևանար: Երկինքն ու երկիրը կարծես խառնված լիներ, ժողովուրդը մեծ խուճապի մեջ էր: Լսվում էին հուսահատության ճիչեր: Ամեն մարդ աղաղակում էր իր Աստծուն, իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել և խորը քնել էր:

Ինչքան նման է այս պատմությունը մեր օրերին. ճգնաժամ, կոռուպցիա, անգործություն: Հակակարկտային կայաններն անգամ անզոր եղան պաշտպանելու բերքը ոչնչացումից: Կառավարությունն անզոր էր դիմակայելու բնության տարերքին: Քաղաքացիներն էլ իրենց ընդվզումով չեն կարողանում դիմակայել բանկային տարերքներին: Ամենուր հուսահատություն, վախ վաղվա օրվա նկատմամբ:

Ի լրումն այս ամենի՝ մեծ անջրպետ է առաջացել պետության և ժողովրդի միջև: Մարդիկ փախչում են Հայաստանից դեպի անորոշություն: Մի խոսքով, այսօր «Հայաստան» կոչված նավը մեծ փոթորկի մեջ է: Իսկ ինչո՞վ է զբաղված Եկեղեցին: Գուցե Հովնանի պես իջել է նավի խորքը և քնե՞լ:

Մինչ Հովնանն անուշ քնած էր, ժողովուրդը փորձում էր հասկանալ. «Ինչո՞ւ են այս բաները մեզ հետ կատարվում…»: Նավապետը, Հովնանի մոտ իջնելով, ասաց. «Ի՞նչ ես մրափել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված հիշի մեզ, և մենք չկորչենք»:

Ես հավատում եմ, որ Հայաստանի Եկեղեցու համար մի օր կհնչի այս կոչը.  «Ի՞նչ ես մրափել, վե՛ր կաց և աղաղակի՛ր քո Աստծուն»: Պատկերացնում եք Հովնանին՝ տախտակամածին կանգնած: Գուցե բոլորի պես ապշած նայում էր փոթորկին, միաբանվելով ժողովրդին՝ մեղադրում էր նավապետին, նավավարներին: Ինչպես այսօր, շատ քրիստոնյաներ մեղադրում են թագավորին, իշխանավորներին, վերջում էլ հռչակում աֆորիզմ դարձած այս խոսքերը. «Երկիրը երկիր չէ»:

Մի՛ շտապիր մեղադրել ուրիշներին, գուցե առաջինը քե՞զ մեղադրես, գուցե երկիրը լավ էլ երկիր է, ուղղակի նրա համար աղոթողներ չկան: «Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է Իմ Անունը, խոնարհվեն և աղոթք անեն և Իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. 7.14):

Որպեսզի գտնեին, թե ում պատճառով է այդ փոթորիկը, վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին: Ահա, թե ում պատճառով էր փոթորիկը:

Եթե Հայաստանում ամեն մի քրիստոնյա ցանի անտարբերության և անհոգության փոքր քամի, արդյունքում կհնձենք մեծ փոթորիկ: Ժողովուրդը հարցրեց Հովնանին՝ ի՞նչ անենք, որ լավ լինի:

Հովնանն էլ ասաց, որ իրեն նետեն ծովը, քանի որ հասկացավ, որ փոթորիկը իր պատճառով էր բարձրացել:

Սիրելի՛ քրիստոնյա, այսօր պետք չէ՛ քավության նոխազ փնտրել, մեղադրել բոլորին: Ժամանակն է մեր աչքից գերանը հանելու, որպեսզի տեսնենք ճշմարտությունը: Եթե Եկեղեցին այսօր չարթնանա խոր քնից, կետը ծովում սպասում է, քանի որ հրաման ունի անհնազանդներին կուլ տալու:

Իսկ գիտեք այս պատմության մեջ ի՞նչն է հետաքրքիր. կետը կուլ տալիս չի հարցնում քո եկեղեցական պատկանելիությունը՝ կաթոլիկ ես, ուղղափառ, առաքելական, թե ավետարանական: Կարծում եմ՝ բոլորի համար էլ նրա փորում տեղ կա…

Արարատ Պողոսյան

Աբովյանի «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ